ԵՄ-ն կարող է Հունգարիային ժամանակ ու գումար տալ ռուսական նավթից հրաժարվելու համար. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Բորելը նշել է, որ ըմբռնումով է մոտենում Բուդապեշտի դիրքորոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիությունը կարող է Հունգարիային ավելի շատ ժամանակ ու գումար տրամադրել, որ երկիրը հարմարվի ՌԴ-ի նավթից հրաժարվելուն։ Բորելը սա ասել է այն ժամանակ, երբ Բուդապեշտն անհամաձայնություն է հայտնել Եվրահանձնաժողովի ծրագրի հետ։ Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը:
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ էր հղել Եվրահանձնաժողովի ղեկավարին, որում գրել էր, որ Բուդապեշտը չի կարող աջակցել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների ծրագրին «իր ներկայիս տեսքով»:

«ԵՄ-ն դիտարկում է Հունգարիային լրացուցիչ ժամանակ ու գումար տրամադրելու հնարավորությունը ռուսական նավթի էմբարգոյին հարմարվելու համար, քանի որ պատժամիջոցների վերաբերյալ Բրյուսելի ծրագրերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հայտնել է դաշինքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը»,- գրում է թերթը:

Բորելը նշել է, որ ըմբռնումով է մոտենում Բուդապեշտի դիրքորոշմանը։ Նրա խոսքով՝ Հունգարիան այս հարցում բախվել է օբյեկտիվ խնդրի, և պատժամիջոցների առաջարկվող փաթեթում փոփոխությունները կարող են անդրադառնալ ժամանակային փուլերին ու ֆինանսներին:
«Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը։ Եթե նրանց փոխարեն լինեի, կասեի. «Լսե՛ք, ես խնդիր ունեմ»: Դա չար մտահաղացում չէ... Դա ժամանակի և փողի հարց է։ Մենք չենք կարող քննարկման դնել առաջարկներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է դիվանագետը։
Անցած չորեքշաբթի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է SWIFT-ից Սբերբանկի ու ևս մի շարք խոշոր ռուսական բանկերի անջատում, ինչպես նաև ԵՄ-ում երեք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելք, անհատական պատժամիջոցներ, ռուսական նավթի ներկրման փուլային արգելք:
Ավստրիան, Հունգարիան ու Սլովակիան հետ են կանչել ԵՄ-ի էմբարգոյի վետոն ՌԴ-ից նավթի նկատմամբ