ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Հայաստանում բողոքի ակցիաները երկրի ներքին գործն են։ Ճեպազրույցի ժամանակ նման կարիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք շահագրգիռ ենք երկրի կայունության ու խաղաղ զարգացման հարցում։ Ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում»,- ասել է Զայցևը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ հանրահավաքների կապին, նա նշել է, որ Մոսկվայում կարծում են` խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ հայկական ղեկավարության այս կամ այն հայտարարության ընկալման մասին է:
«Այս կապակցությամբ կուզենայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել, որ մենք մշտապես հավատարիմ ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աջակցությանն առաջին հերթին եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման ու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով»,- ընդգծել է Զայցևը:
Հիշեցնենք` մայիսի 2-ից Երևանում վերսկսվել են ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիաները: Մասնակիցները պահանջում են իշխանության հրաժարականը Արցախի նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով։