Բերման ենթարկված անչափահասը վնասվածքներ է ունեցել. ի՞նչ խախտումներ է արձանագրել ՄԻՊ–ը

Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում է գրություններով դիմել իրավասու մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են ոստիկանության 4 բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 45 անձանց։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես, արձանագրվել են բերման ենթարկված անձանց` առնվազն մեկ զանգ կատարելու իրավունքի իրացումը խոչընդոտելու դեպքեր։ Համատարած բնույթ է կրել ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց հեռախոսները նրանց կամքին հակառակ անջատելու կամ անջատել պարտադրելու պրակտիկան։ Նման վարքագիծը հատկապես դատապարտելի է անչափահասների մասնակցությամբ վարույթի դեպքում։
«Արձանագրված հաջորդ խնդիրը վերաբերում է վարչական ձերբակալման ենթարկված օտարերկրացիներին՝ վերջիններիս հասկանալի լեզվով չտեղեկացնելու խնդրին։ Ոստիկանության Էրեբունու բաժնում 2 անձ պնդել են, որ իրենք հայերեն կարդալ չգիտեն, մինչդեռ իրենց իրավունքների վերաբերյալ ձևաթուղթը տրամադրվել է հայերեն»,–ասված է գրառման մեջ։
Իսկ ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է դեպք, երբ բաժին բերված քաղաքացին եղել է առանց կոշիկների, ընդ որում` վերջինիս ևս զանգ կատարելու հնարավորություն չեն տվել։ Բացի այդ, ոստիկանության Կենտրոնի բաժնում Հաղթանակի կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձը մարմնական վնասվածքներ է ունեցել, որոնք, ըստ վերջինիս պնդման, առաջացել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով։ Նույն վայրից բերման ենթարկված այլ անձինք ևս տարբեր վնասվածքների են ունեցել։
Գրիգորյանը հայտնել է, որ գրություններով կդիմի իրավասու մարմիններին՝ քննություն իրականացնելու պահանջով։
ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
«Դիմադրության» 1 օրվա բողոքի ակցիաներն ու երթերը՝ տեսանյութով