Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, ընդունելու է Հայաստանի վզին փաթաթվող լուծումը. Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահը մտավորականներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ստիպել նստել մեկ սեղանի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ընթացիկ ներքաղաքական առճակատումն ավելի է թուլացնում ԼՂ հարցում առաջիկա դժվարագույն բանակցություններում ՀՀ դիրքերը: Տեր-Պետրոսյանի հոդվածը հրապարակվել է ilur.am-ում։
Տեր-Պետրոսյանը գրում է` անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը:

«Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին։ Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ»,-ասում է առաջին նախագահը։

Նրա խոսքով` եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու։
Տեր-Պետրոսյանը հարցնում է` արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա. եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ:
Բացի այդ, ըստ նրա, ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ:
Նա իր խոսքն ամփոփում է` ասելով, որ եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ստիպեն նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարկում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։