ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այսօր կրկին ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ակնհայտորեն անչափահաս անձ միանգամից մի քանի ծառայողի կողմից և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասնյակը։
Նշվում է, որ պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր Երևան քաղաքում այցելել են թվով 6 ոստիկանության բաժիններ՝ աջակցություն ցուցաբերելով ավելի քան 69 անձանց։
Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Կրկին առանց անձանց համաձայնության էլեկտրոնային սարքերով լուսանկարելու դեպքեր են արձանագրվել, այդ թվում՝ անչափահասներին։ Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ իր ճշտող հարցին, թե չի կարող արդյո՞ք հրաժարվել լուսանկարվելուց, ոստիկանության ծառայողը հայտնել է՝ ոչ։
Այսօրվա մշտադիտարկումների արդյունքում առավել կոպիտ ուժի կիրառման դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Հրազդան մարզադաշտ ընկած հատվածից և Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկելու ժամանակ։
Բերման ենթարկված ցուցարարների վրա առկա են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ նրանց, պատճառվել են ոստիկանների կողմից ուժի կիրառման արդյունքում։
Բերման ենթարկված քաղաքացիների կողմից բարձրացվել են նաև բերման ենթարկելու ընթացքում կանխիկ դրամական միջոցների, հեռախոսի կորստի կամ ենթադրյալ հափշտակության վերաբերյալ պնդումներ, որոնք ստուգելու և արձանագրված դեպքերին պատշաճ ընթացք տալու պահանջով Պաշտպանը դիմելու է իրավասու պետական մարմիններին։
Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանական տրանսպորտային միջոցում արգելանքի վերցված քաղաքացիների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպեր, երբ երկուստեք հնչում են հայհոյախառն արտահայտություններ, ինչպես նաև առկա է հրմշտոց։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները մայիսի 2-ից սկսել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարկում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։