Վերին Լարսում առկա խնդիրներն ավելի են սրվել. հայկական լաստանավը կգործի հունիսի 15-ից

Վերին Լարս
ՀՀ վարչապետի խոսքով` ուկրաինական իրադարձությունների հետ կապված, Սև ծովով բեռնափոխադրումների սահմանափակումների պատճառով բավական մեծ քանակի բեռներ փոխադրվում են ցամաքային ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհների մեծ մասն անցնում է Վերին Լարսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 2022թ-ի հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկությունը հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին ՀՀ լաստանավային փոխադրման օպերատոր ճանաչելու մասին որոշման նախագիծը։

«Արդյունքում մենք կունենանք ՀՀ երկաթուղային անխափան կապ ԵԱՏՄ երկաթուղային համակարգի հետ, որպեսզի մեր տնտեսությունն ու հատկապես արդյունաբերությունը էապես բարձրացնեն իրենց մրցունակությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ ՀՀ փոխադրողների համար Հարավկովկասյան, Վրացական ու Ռուսական երկաթուղիները էական զեղչեր են սահմանել, որոնք առաջիկայում կամրապնդվեն միջպետական պայմանագրերով ու պաշտոնապես կհրապարակվեն։

Ինչ վերաբերում է լաստանավին, այն, Քերոբյանի խոսքով, կունենա երկաթուղային 40 վագոնի ու 50 բեռնատարի տեղափոխման հնարավորություն։
Լաստանավային փոխադրման ամբողջ արժեքը սուբսիդավորելու է ՀՀ կառավարությունը։
«Մենք բոլորս երկար տարիներ առնչվել ու առնչվում ենք Վերին Լարսի թողունակության հետ կապված պրոբլեմներին, այդ թվում` եղանակային պայմանների հետ կապված։ Հիմա այս խնդիրն ավելի է սրվել, որովհետև ուկրաինական իրադարձությունների հետ կապված` Սև ծովով բեռնափոխադրումների սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի բեռներ տեղափոխվել են ցամաքային ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհների մեծ մասն անցնում է Վերին Լարսով»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է կառավարության որոշմամբ ընտրված լաստանավային փոխադրող «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով` այն գրանցվել է ընդամենը մեկ ամիս առաջ` 2022թ-ի ապրիլի 1-ին։ Ընկերության սեփականատերերի մասին տեղեկությունները բաց չեն։