Թուրքիան FlyՕne Armenia-ին արգելել է իր օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել

Ավիաընկերությունը մինչև հունիսի 10-ը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան- Փարիզ-Երևան ուղղություններով չվերթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Թուրքիայի ավիացիոն իշխանությունը FlyՕne Armenia ընկերությանը չի տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթների իրականացման հնարավորություն։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթները: Նշենք, որ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներն իրականացվում են համաձայն չվացուցակի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չվերթների վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար։
Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է թռիչքի ամսաթվի փոփոխություն կամ չեղարկված թռիչքի տոմսի գումարի ամբողջական վերադարձ։
Երևանից Ստամբուլ մեկնեց FlyՕne–ի առաջին ինքնաթիռը. քանի հայ է մեկնում Թուրքիա և ինչու
Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։
Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։
Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք ունեն 180 նստատեղ և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Ինքնաթիռներն ունեն HEPA օդային զտիչներ, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: Flyone-ը գործարկվել է 2016 թ․, Մոլդովայի Հանրապետությունում: