ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Թուրքիայի Բուրսա քաղաքում այսօր ժամը 16։00-ի սահմաններում մի բեռնատար հարվածել է զբոսաշրջիկների համար նախատեսված մեծ ուղևորատար ավտոբուսին։ Դրա վերջին շարքերում նստած ուղևորներից մեկը մահացել է, այլ 6 անձիք վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է թուրքական Ahaber կայքը։
Բեռնատարն ավազ տեղափոխող մեծ մեքենաներից է եղել։ Դրա առջևի՝ վարորդի նստելու տեղը ևս ամբողջությամբ վնասվել է, սակայն հայտնի չէ, թե վարորդն ինչ վիճակում է։ Վթարի վայր են ժամանել փրկարարներն ու բժիշկները։ Նշվում է, որ վթարը եղել է Բուրսա-Անկարա ավտոճանապարհին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բուրսա քաղաքում ավտոբուս էր պայթել, կրկին զոհեր և վիրավորներ կային։ Ավտոբուսը պայթեցվել էր ինքնաշեն սարքով, երկրի իշխանություններն այն որակել էին ահաբեկչություն։