Սեյրան Օհանյանն ու Հայկ Կոնջորյանն արձագանքել են Հանրայինով բանավեճի հրավերին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը Ազգային ժողովի հերթական նիստին (2 մարտի, 2022թ). Երևան
Սեյրան Օհանյանը հայտնել է, որ չի բանավիճի մեկի հետ, որն անգամ բանակում չի ծառայել։ Իսկ Կոնջորյանն իր պատրաստակամություն է հայտնել Օհանյանի հետ բանավիճելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի հրավիրելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։
Կոնջորյանը, արձագանքելով Ղազարյանի հրավերին, սոցցանցի իր էջում գրել է, թե համաձայն է բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։
«Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։
Սեյրան Օհանյանը նույնպես արձագանքել է հրավերին` ասելով, որ ամեն ինչ ասված է` հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա այլևս սպառված է բանավեճի ֆորմատը։

««Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,- գրել է Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։