ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, բայց Մոսկվան շահագրգիռ է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով ՀՀ-ում ընդդիմության հանրահավաքների մասին։
Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար մի քանի շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերով, Հայաստանը մեր լավ բարեկամն է»,- նշել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն ամփոփել է, որ այդ պատճառով էլ Ռուսաստանը շահագրգիռ է, որ Հայաստանում, որքան հնարավոր է՝ շուտ նորից հաստատվի կայունություն, որը թույլ կտա փուլ առ փուլ իրականացնել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ են ընդունվել։