ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Իրավապահ համակարգը ձեռնպահ է մնում հենց 44-օրյա ռազմական գործողությունների տարելիցի ժամանակահատվածում կատարված ձերբակալումների ժամանակ իր կողմից արված աղմկահարույց հայտարարությունների պարագայում ինձ կալանքից ազատելու որոշումից, քանի որ «կենթարկվի իշխանության պատուհասմանը»: Այս մասին հայտարարել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան NEWS.am-ի կողմից ուղղված հարցի։
«Այդ մտավախությունն ունի նաև դատարանը, որը շարունակում է նույն գործելաոճը՝ շուրջ 2 ամիս ձեռնպահ մնալով որևէ դատական նիստ անցկացնելուց՝ քաջ գիտակցելով, որ սկսվող դատաքննությամբ բացահայտվելու են կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելու, ինչպես նաև նրանց մեղսագրվող արարքում արդարացնելու ակնհայտ հիմքեր: Նշվածով պայմանավորված՝ քայլեր ենք ձեռնարկում իրավունքներիս պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո ինչպիսի՞ն են եղել հարաբերությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա նշել է, որ այդ ժամանակվա հարաբերությունները բացասական կամ լարված գնահատել չի կարող, բայց և այնպես, իրեն կալանքի տակ պահելը քաղաքական շարժառիթ ունի։
Դավիթ Տոնոյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իսկապես պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստում զեկուցել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, ու այդ զեկույցն իր հետ համաձայնեցված է եղել։
Պաշտպանության նախկին նախարարը հավելել է, որ չնայած ամեն ինչին՝ Զինված ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով՝ անկախ ռազմական գործողությունների դադարեցման դիվանագիտական ջանքերից:
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: