ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են։ Հանրության լայն շերտեր չեն միանում ընդդիմությանը։ Երբ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ամեն օր ասում է` ամեն ինչ ավարտված է, կարծում եմ, գնալով նրանց շարժումն է ավարտվելու»,- ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` քաղաքական առումով որևէ լրջություն չի տեսնում, չնայած հարգում է ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը։
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 4-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանրային հրաժարականի պահանջը։ Նույն պահանջը երեկ հնչեց նաև ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։