«Հավատարիմ մնացեք սպայի ձեր կոչմանը, ձեր ուսադիրներին». Սաղաթելյանը՝ ոստիկաններին

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխող քաղաքական խմբակը ամեն կերպ դրդում է ոստիկանությանը, որպեսզի դիմեն նորանոր բռնությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմեց ոստիկաններին՝ հորդորելով չկատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանները։
«Այսօր Հայաստանում Նիկոլն ունի մեկ հենարան, դա ՀՀ ոստիկանությունն է և ուժային կառույցները։ Իշխող քաղաքական խմբակը ամեն կերպ դրդում է ոստիկանությանը, որպեսզի դիմեն նորանոր բռնությունների, ապօրինությունների։ Հաճախ ոստիկանությունը տեղիք է տալիս ՔՊ-ի ճնշմանը։ Հավատարիմ մնացեք սպայի ձեր կոչմանը, ձեր ուսադիրներին։ Մի՛ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումները և հրահանգները»,- ՀՀ ոստիկանության շենքի մոտ հայտարարեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` հակառակ պարագայում, ապօրինություններ թույլ տված ոստիկանները «հատ-հատ պատասխան են տալու»։

Նշենք, որ երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր կարևոր ասելիք ունեն հանրահավաքի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները մայիսի 2-ից սկսել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։