Կառավարության մոտ ենք գնում, որ ասենք` հեռանա. Շարմազանովը` Փաշինյանի հրաժարականի մասին

Քայլերթ
Էդուարդ Շարմազանովի խոսքով` Նիկոլ Փաշինյանը պետք է միշտ լսի, որ ազգը մերժում է իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀԿ-ի անդամները Խանջյան փողոցով գնում են դեպի ՀՀ կառավարության շենք։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլը վախենում է հայ ժողովրդից, հիմա մենք էլ գնում ենք կառավարություն ու ասենք, որ ինքը պետք է հեռանա։ Երեկ էլ ենք եղել կառավարության մոտ, այսօր էլ, վաղն էլ ենք լինելու։ Ինքը միշտ պետք է լսի, որ ազգը մերժում է իրեն որպես վարչապետ»,- ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։