ՌԱԴԻՈ

Իշխանավորների ասածները վկայում են, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվել է. փորձագետ

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արցախի կարգավիճակի մասին հայտարարութուններին։
Sputnik
Նախկինում Հայաստանն ասում էր, որ պետք է կարգավիճակ, որը կերաշխավորի Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, հիմա ՀՀ իշխանություններն ասում են, որ պետք է անվտանգություն, որից հետո կբխի կարգավիճակի մասին հարցը։ Այս ձևով բանաձևը ներկայացնելն արդեն վկայում է՝ կարգավիճակի հարցում հստակ իջեցվել է նշաձողը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։
Մխիթարյանը հիշեցրեց՝ դեռ մինչև 44-օրյա պատերազմն իշխանությունների կողմից շրջանառվում էր «արցախահայության էքզիստենցիալ անվտանգության խնդիր» եզրույթը։ Նրա խոսքով՝ դեռ այն ժամանակ էր ասվում, որ բացառապես ֆիզիկական անվտանգության մասին խոսելը մի ամբողջ հարցերի շերտ է բաց թողնում, որոնք մեզ համար չափազանց կարևոր են։
«Այո՛, շատ կենսական ու առաջնային է արցախահայության անվտանգության խնդիրը, բայց չի կարող դա լինել կայուն և երկարաժամկետ, եթե մենք մի կողմ ենք դնում կարգավիճակի հարցը։ Ըստ էության` այդ թեզը պատերազմից առաջ շրջանառում էին, պատերազմից հետո հստակ ներկայացնում են որպես վարվող քաղաքականություն»,- ասաց փորձագետը։
Հայկական կողմը քննարկում է բացառապես արցախահայության ֆիզիկական անվտանգության հարցը, ինչը, փորձագետի կարծիքով, շատ մտահոգիչ է, որովհետև կարգավիճակի հարցը, անկախությունը, Ադրբեջանից անջատ լինելը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ չեն դիտարկվում այս իշխանությունների կողմից։
Ադրբեջանը բաց հայտարարում է, որ չի տեսնում այլ խաղաղության պայմանագիր, քան իրենց առաջարկած 5 սկզբունքի վրա հիմնվածը։
Սահմանազատման հանձնաժողով ստեղծելու շուրջ հարցեր կան, որոնց պատասխանը չենք գտել. Գրիգորյան
Մխիթարյանը նշում է, որ այդ 5 կետում ոչ միայն որևէ ձևով չի երաշխավորվում Արցախի կարգավիճակի հարցը, այլև առաջին 3 սկզբունքները ոչ միայն ենթադրում են Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այլ նաև զրկում են Հայաստանին հնարավորությունից՝ ապագայում որևէ կերպ բարձրացնելու արցախահայության ինքնորոշման իրավունքը։

«Այնտեղ քաղաքական անկախությունը ճանաչելու և միջազգային կառույցներում միմյանց դեմ հայտարարություններ չանելու մասին կետեր կան, որոնք նորից հանգում են ինքնորոշման հարցը չբարձրացնելու խնդրին։ Ամբողջ տրամաբանությունն այսօր սրա շրջանակում է»,- բացատրեց Մխիթարյանը։

Ընդհանուր առմամբ, Մխիթարյանի կարծիքով, հայկական ու ադրբեջանական կողմի բոլոր հանդիպումներն ու հայտարարությունները վկայում են՝ հայկական կողմը սպասարկում է բացառապես ադրբեջանական շահերը, նրանք գնում են, այսպես կոչված, խաղաղության գործընթացի, որի ընթացքում հակառակ կողմը մեզ ամենօրյա ռեժիմով սպառնում է պատերազմով, ուժ կամ ուժի սպառնալիք կիրառում մեր նկատմամբ։
«Սա պարտադրված, մի կողմի շահերը սպասարկող գործընթաց է, և մենք գնում ենք դրան»,- հավելեց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև արցախյան հիմնախնդրի լուծում գտնվի։ Այդ լուծումն, ըստ նրա, ՀՀ իշխանությունները տեսնում են Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։
Գրիգորյանի խոսքով՝ ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել` 2 կողմն էլ լուռ է այս հարցում. ԱԽ քարտուղար
Նա հավելել է՝ անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, չնայած դեռ պարզ չէ, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի երաշխիքներ են լինելու. դրանք պիտի քննարկեն բանակցությունների ժամանակ։
«Եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչին է համաձայնություն տալու ՀՀ-ն։