Ինչպես է Ռուսաստանը վերաձևավորում հարևանների տնտեսությունը
Հայտնվելով աննախադեպ միջազգային պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանը տնտեսությունը արագ տեմպերով մաքրում է դոլարից և եվրոյից։
SputnikՄիխայիլ Կատկով, Ալյոնա Կազակովա, ՌԻԱ Նովոստի
Մոսկվան արագացնում է բոլոր գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու գործընթացը։ Ադրբեջանի հետ առևտրի շուրջ մեկ-երրորդը արդեն ռուբլով է, և այդ ցուցանիշը շարունակում է աճել։ Բայց հետխորհրդային տարածքում իսկապես խորը ինտեգրման համար Եվրասիական միությանը նոր մոտեցում է պետք։
Նախկին ԽՍՀՄ-ի ապադոլարացումը
Դեռ արևմտյան պատժամիջոցներից առաջ ադրբեջանական ընկերությունները ՌԴ գործընկերների հետ պայմանագրեր կնքելիս կիրառում էին ռուբլով հաշվարկները։ Թեև գները նշվում էին դոլարով կամ եվրոյով։ Ըստ էության, երկու անկախ պետությունները առևտրային հարաբերությունները կառուցում էին երրորդ երկրների արժույթի վրա։ Եվ այսպես էր գրեթե ողջ հետխորհրդային տարածքում։
Մոսկվայի հետ հաշվարկներում ռուբլու է ուզում անցնել Դուշանբեն։ Տաջիկստանի ղեկավարությունը մտադիր է վերանայել Սանգտուդինի ՀԷԿ-1-ի էլեկտրաէներգիայի գնման վերաբերյալ կնքված համաձայնագիրը։ Կայանը 25%-ով պատկանում է Տաջիկստանի կառավարությանը, 75%-ով՝ ռուսական ընկերություններին։ Հիմա այնտեղ արտադրված էլեկտրաէներգիան ռուբլով են գնելու։ Ճիշտ է` 2021-ին տաջիկական «Բարքի Տոջիկ» (Barqi Tojik) էներգահոլդինգը վճարել է գումարի միայն 37%-ը։
Զուգահեռաբար, Մոսկվան ոչ միայն ապադոլարացման, այլև ապաեվրոյացման է մղում Ուզբեկստանին։ Տաշքենդում «ԻՆՆՈՊՐՈՄ-2022»-ի բացմանը նման կոչով հանդես եկավ Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: Նրա խոսքով՝ համավարակը, իսկ հետո նաև միջազգային իրադարձությունները ամբողջ աշխարհի երկրներին դրդում են անցնել ազգային արժույթների՝ անկախությունն ու միմյանց հետ կոոպերացիայի աճն ավելացնելու համար։
Մոսկվայի հետաքրքրությունը պատահական չէ։ Նախ՝ Ուզբեկստանում արդեն տասը միլիարդ դոլարի ներդրում է արվել։ Երկրորդ՝ այնտեղի ձեռնարկությունների 17,5%-ը պատկանում է ռուսներին։ Երրորդ՝ 2021 թվականի արդյունքներով պետությունների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7,5 մլրդ դոլարը։ Հանրապետության արտաքին առևտրում Ռուսաստանի մասնաբաժինը ամենաէականն է (17,9%)։ Կարևոր է նաև այն, որ Ուզբեկստանը ԵԱՏՄ-ում դիտորդ է, ու նրա տնտեսությունը հետխորհրդային տարածքում ամենախոշորներից է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Սերգեյ Գլազևն ասել է, որ ԵԱՏՄ երկրների առևտրում ռուբլու բաժինն արդեն գերազանցում է երկու-երրորդը: 2013-ից 2020 թվականը այն 63%-ից աճել է ու հասել 74%-ի: Ռուսաստանը ռուբլի է օգտագործում Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%-ի դիմաց վճարելու համար, 63%՝ Ղազախստանի հետ, 58%՝ Ղրղզստանի հետ։ Հատկանշական է, որ ԵԱՏՄ մյուս երկրների հետ Բելառուսի շրջանառությունը գրեթե մեկ երրորդով ռուբլով է։ Մնացած միութենական հանրապետություններում այլ իրավիճակ է։
ԵՏՀ-ում ակնկալում են, որ մինչև 2022-ի ավարտը փոխադարձ առևտրում ազգային արժույթներով հաշվարկների բաժինը կգերազանցի 85%-ը: Հայաստանն արդեն ռուբլով է վճարում գազի դիմաց, Բելառուսում նույնպես պատրաստվում են էներգակիրները գնել ռուսական արժույթով։ Ընդ որում` գները նախկինի պես ձևավորում են դոլարով։
Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը կոչ է անում՝ որքան հնարավոր է արագ ԵԱՏՄ-ի ներսի հաշվարկներում անցնել կա՛մ ազգային արժույթների, կա՛մ ռուբլու: Բայց եթե Մինսկի մոտիվացիան ուժեղ է (Բելառուսը նույնպես հայտնվել է խիստ պատժամիջոցների տակ), ապա մյուսները խանդավառություն չեն դրսևորում։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ պետությունները պայմանավորվել են փուլային անցում կատարել ազգային արժույթների մաքսային հաշվարկների, ընդ որում, դրանց հիմնական ծավալը պետք է ռուբլով լինի: Սակայն Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը շատ արագ պարզաբանել է` միայն Ռուսաստանն ու Բելառուսը ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման ու բաշխման ժամանակ ռուբլու կանցնեն։
Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը շարունակում են դոլար օգտագործել։
«ԵԱՏՄ երկրների համար ռուբլով հաշվարկները հարմար են։ Օրինակ` Բելառուսը, որը միշտ արժույթի խնդիրներ է ունեցել, հաճախ է խնդրել վճարումը ռուբլով փոխանցել»,- ասում է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը։
Նրա կարծիքով՝ նոր սխեմային անցում կատարելը կհանգեցնի Ռուսաստանում դոլարի փոխարժեքի կայունացման ու նվազեցման։ Այդ որոշումն այնքան էլ ձեռնտու չէ Եվրամիության երկրներին, քանի որ ռուբլին բորսայում կաճի, ինչը կանդրադառնա ռուսական գազի արժեքի վրա։ Բայց դա չի սպառնում դոլարի փլուզմամբ, ինչը կանխատեսում են որոշ փորձագետներ։ Բացի այդ, կասկածելի է, որ ռուբլին կդառնա ԵԱՏՄ միասնական արժույթ, քանի որ ռուբլու փոխարժեքն անկայուն է։
«Էներգակիրները վաճառում են դոլարով ու մի քիչ էլ՝ եվրոյով։ Այդ պատճառով Ղազախստանը, իհարկե, ամերիկյան արժույթով ռեսուրսներ կմատակարարի արտասահման և հարևաններին։ Բացի այդ, նրանք ունեն այլ համաձայնագրեր, որոնք հաստատ չեն ուզենա վերանայել»,- նշում է Սուզդալցևը։
Պետք է, որ ռուսական արժույթի կիրառման ոլորտն ընդլայնվի, բայց մինչ այս ԵԱՏՄ-ն թույլ ինտեգրացիոն միավորում էր։ 2021-ին փոխադարձ առևտրի մասնաբաժինը միության ներսում կազմել է ընդհանուր ծավալի ընդամենը 15%-ը։ Այնուամենայնիվ, ըստ Սուզդալցևի՝ հաշվի առնելով, որ միության խոշորագույն շուկան՝ Ռուսաստանը, պատժամիջոցների տակ է, ցուցանիշը կարող է աճել:
Տնտեսագետ Վլադիմիր Սավչենկոն կարծում է, որ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե որքան են միության երկրների վերնախավերը շահագրգիռ Ռուսաստանի հետ կապերն ամրապնդելու հարցում։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք քաղաքականապես կապված են Մոսկվայի հետ, այդուհանդերձ, տնտեսապես ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, իսկ մշակութային առումով խզումն ավելի մեծ է։
«Փողն ընդամենը շրջանառության միջոց է։ Ցավոք, դաշնակցային հարաբերություններում մենք կանգ առանք համատեղ ձեռնարկությունների ստեղծման սկզբնական փուլում։ Պետք է անդրազգային կորպորացիաներ հիմնենք և դրանով իսկ ամրապնդենք սեփական տեխնոլոգիաները, գիտությունը, արդյունաբերությունը և տարածքները։ Այդ ընկերությունները կմիավորեն բիզնեսը ԵԱՏՄ երկրներում, կինտեգրեն մեր տնտեսությունները»,- պարզաբանում է Սավչենկոն։
Փորձագետի խոսքով` արտադրությունների սեփական ինքնավար շղթաների հաստատմանը խանգարում են երրորդ երկրների հանդեպ միության անդամների արտաքին պարտավորությունները։ Իսկ Ռուսաստանը դեռ բավականաչափ ակտիվ չէ հարևանների տնտեսության մեջ։ Սավչենկոն ընդգծում է, որ վաղուց ժամանակն է գյուղատնտեսական արտադրանք գնել ոչ թե Թուրքիայից, այլ Կենտրոնական Ասիայի երկրներից ու
Հայաստանից: Եվ միաժամանակ, այնտեղ նոր աշխատատեղեր ստեղծել։