Եթե տեսնենք` անվտանգությունն ապահովվելու է, կհամաձայնենք. Գրիգորյանը` ԼՂ կարգավիճակի մասին

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին։
Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ քաղաքագետների կարծիքով` եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում, նշանակում է` ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, իսկ Արցախի մնացած մասը կճանաչվի Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանեց` դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են կատարում։

«Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ` ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Բայց նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, և մենք չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի՞ երաշխիքներ են լինելու, կքննարկենք դրանք բանակցությունների ժամանակ։ Եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասաց Գրիգորյանը։

Ի դեպ, ԱԽ քարտուղարը չհստակեցրեց, թե ինչին է համաձայնություն տալու ՀՀ-ն։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման` 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, և կողմերը համաձայնության են եկել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: