ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը մի շարք առաջնորդների հետ զրույցում առաջարկել է միգրացիոն ճգնաժամը լուծելու համար փախստականների համար բնակավայրեր կառուցել Սիրիայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Haberler.com-ին։
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր` Թուրքիան նախագիծ է պատրաստում, որը կապահովի մեկ միլիոն սիրիացիների վերադարձը Սիրիայի անվտանգ գոտիներ: Նրա խոսքով՝ Անկարան մտադիր է 100 հազար տուն կառուցել Սիրիայի հյուսիսում, որպեսզի այնտեղ բնակեցնի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին:
«Արտասահմանյան և երկրի ներսում գործող բարեգործական ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հետազոտություններ կանցկացվեն բնակարանային, ենթակառուցվածքների ու լրացուցիչ շինությունների, առողջապահության ու կրթության ոլորտներում: Էրդողանը բազմաթիվ առաջնորդների հետ զրույցներում առաջարկել է տարածաշրջանում մշտական կացարան կառուցել միգրացիոն ճգնաժամը լուծելու համար ու կոչ է արել բոլորին աջակցել այդ նախաձեռնությանը»,- գրում է լրատվամիջոցը։
Տները նախատեսում են կառուցել Սիրիայի 13 շրջաններում։
Հիշեցնենք` 2017-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծվեց։ 2020 թվականի մարտի 6-ից Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո այնտեղ հրադադարի ռեժիմ է գործում, սակայն ահաբեկիչները պարբերաբար խախտում են հրադադարը: Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջաններում 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել։ Հալեպից հյուսիս գտնվող Աազազ ու Ջերաբլուս քաղաքների միջև անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատ գետից արևելք ընկած սահմանային շրջանները: