ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ժամեր առաջ բերման ենթարկված «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքը։
Ոստիկանությունից դուրս գալուց հետո Սասունյանը «5-րդ ալիքին» պատմել է, որ ինքը պարզապես քայլում էր և երբ տեսել է` ինչպես են ձերբակալում ակցիայի մասնակից տղաներին և աղջիկներին, մոտեցել, հարցրել է` ինչո՞ւ եք ձերբակալում։
«2 հոգի ինձ բռնեցին և վայրիորեն մեքենայի մեջ դրին, գլուխս էլ մեքենային խփեցին։ Հուսախաբ եմ մեր երկրի ոստիկանության վարմունքով, հայ են, բայց այդպես են վարվում մեր ժողովրդի հետ։ Նիկոլը, ըստ երևույթին նման հրահանգ է տվել։ Եվ ես ասում եմ` Նիկո՛լ հազար ամոթ քեզ, 4 տարի առաջ դու այսպես իշխանության եկար և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս մարդիկ ակցիա անեն։ Ես թքեմ քո երեսին, դուн թուրքերից ոչ մի բանով տարբեր չես, դուն դավաճան շուն ես»,- ասաց Սասունյանը։
Նա հավելել է, որ Փաշինյանն Ալիևի հետ սուրճ է խմում, բայց վախենում է առանց թիկնապահների իր ժողովրդի հետ շփվել։
Ինչպես արդեն հայտնել ենք` «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր բերման էր ենթարկվել նաև Համբիկ Սասունյանը։
Համբիկ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2021-ին ազատ է արձակվել։