Դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրգործ է հարուցվել

Ընդդիմության երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 4-ին՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված երթի մասնակից մի խումբ անձինք՝ նկատելով փողոցով միայնակ քայլող Սոս Ջանիբեկյանին, վանկարկել են անպարկեշտ արտահայտություններ, իրենց դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ընթացքում երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ: