ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ մարզերում և Երևանում մի քանի օր շարունակ իրականացվող բողոքի ակցիաները, դասադուլներն ու գործադուլները չեն ազդում տնտեսության վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կարծում եմ, որ անհնազանդության ակցիա ասածը մի քիչ ուռճացված է, այնտեղ կա մի քանի հարյուր կամ հազար մարդ, որոնք տնտեսության վրա էական ազդեցություն չունեն։ 1-2 ճանապարհը 1-2 ժամով փակելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա»,– նշեց Քերոբյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։