Աշակերտին գրքով հարվածած ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցի ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, հայտնում են քաղաքապետարանից։
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում ուսուցչուհին գրքով հարվածում էր աշակերտին։ Տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց:
Դպրոցի տնօրենության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչը դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ:
«Դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»»,- հայտնեցին քաղաքապետարանից:
Նշենք, որ տեսագրությունը համացանցում է հայտնվել այսօր։ ԿԳՄՍՆ-ն դեպքի առնչությամբ պարզաբանում է տարածել` խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում։
Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։