Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կխստացվի. գործերը դատարանում կասեցվում են

ՀՀ կառավարության հերթական նիստը (22 ապրիլի, 2022թ). Երևան
Առաջարկվում է օրենքը տարածել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը նոր փոփոխություն է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում։ Փոփոխությունների նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նախարարը որպես օրենքի հիմնական լրացում նշեց այն պաշտոնյաների ցանկի ընդլայնումը, որոնց նկատմամբ կարող է գույքային վարույթ սկսվել։

«Գործող օրենքով ուսումնասիրություն կարող էր կատարվել քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Հանրության համար ավելի մատչելի լինելու համար ասեմ, որ այդ պաշտոնյաներն են վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, նախարարների տեղակալները, ՄԻՊ-ը, դատավորները»,- ասաց Անդրեասյանը։

Նոր փոփոխություններով՝ առաջարկվում է օրենքը տարածել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում։
«Օրինակ` հարկայինի ու մաքսայինի վարչության պետերը, այսինքն` միջին օղակը ևս այսուհետ պետք է շատ ավելի ուշադիր լինի ապօրինի գույքի ձեռքբերման ռիսկերի հարցում»,- ասաց Անդրեասյանը։
8 բնակարան, 6 ավտոկայանատեղի Երևանում...ՊԵԿ նախկին աշխատակցի գույքը կբռնագանձվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքը կիրակվել է 2020թ-ի սեպտեմբերից, բայց այնքան էլ չի արդարացրել հանրության ակնկալիքները։

«Քանի որ ՍԴ-ում ընդդիմության կողմից վիճարկվել է օրենքի սահմանադրականությունը, դատական գործերը նաև այդ պատճառով առաջ չեն գնում։ Գործերը դատարանում կասեցվում են, մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը։ Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում մեր ունեցած տեղեկություններից դժգոհ չենք, բայց արձանագրած արդյունքներից այնքան էլ գոհ չենք։ Հանրությունն էլ գոհ չէ, բնականաբար»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտնեց, որ համապատասխան վարչության ձևավորումից հետո միայն առաջին 10 օրվա ընթացքում շուրջ 200 անձի նկատմամբ վարույթ է հարուցվել։
«Դե, պատկերացրե՛ք` 200 անձի վերջին 10 տարիների եկամուտներ, ծախսեր և հազարավոր փաստաթղթաշրջանառություն նաև միջազգային գործընկերների հետ` երկրից արտահանված ակտիվների ուղղությամբ»,- ասաց Դավթյանը։
Նա նաև հայտնեց, որ հիշյալ 200 ուսումնասիրություններից դատարան է ներկայացվել 8 հայց` 42 մլրդ դրամի վերաբերյալ։ Եվ նույնքան գործի քննություն ավարտվել է։ 1 գործով կա համաձայնության գալու նախաձեռնություն։
Վարչապետը հիշեցրեց, որ համաձայնության նախաձեռնության պարագայում օրենքը նախատեսում է ապօրինի գույքի արժեքի 75 տոկոսը փոխանցել պետությանը, 25-ը` թողնել վարույթում ներգրավված անձին։
Կառավարությունը հավանություն տվեց օրենքի փոփոխությունների նախագծին։
Անհնար չէ. դատախազության ներկայացուցիչը` արտերկրում տարած ակտիվները երկիր բերելու մասին