Անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել էին Մյասնիկյան պողոտան

Անհնազանդության ակցիաներ Երևանում. Արխիվային լուսանկար
Ակցիայի մասնակիցների մեջ է նաև ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին` Իգոր Խաչատուրովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Անհնազանդության ակցիայի մասնակիցները քիչ առաջ փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան։ Նրանք աղբամաններ էին շարել վերև բարձրացող մայրուղու վրա։
Ոստիկանականները, բիրտ ուժ կիրառելով, երիտասարդներին գետնին պառկեցնելով և քարշ տալով, բացեցին ճանապարհը։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին` Իգոր Խաչատուրովը։
Նշենք, որ այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ու նրանց աջակիցներն անհնազանդության ակցիաներ են սկսել Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։