ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ պատասխանեց բողոքի ակցիայի մասնակիցներին ամենաշատը հուզող հարցին, թե երբ ի վերջո կհեռանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաշինյանը իշխանությունից կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները նրան կզեկուցեն, որ իր իշխանությունն այլևս պահել չեն կարող, քանի որ ուժերը չեն բավարարում։ Ժողովուրդն այնքան շատ ու անհնազանդ ակցիաներ է անում, որ կասեցնել հնարավոր չէ։ Այդ օրը մոտ է։ Մենք պետք է առաջիկա օրերին մեր թիվն ավելացնենք ու հասցնենք նրան, որ ոստիկանական և ուժային կառույցները այլևս չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել, սա է մեր խնդիրը»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ վաղը ժամը 12.00-ին հանրահավաք են անցկացնելու, բաժանվելու են 4 մասի և ողջ քաղաքը պարալիզացնելու են։ Նա նաև նշեց, որ ժամանակն է ավտոերթով գնալու որևէ մարզ, որը և վաղը հանրահավաքից հետո կկազմակերպեն։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները մայիսի 2-ից սկսել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։