ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ապրիլի 11–ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող երեք անձանց ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցներ արձակելու դեպքով հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող Ն. Հ.-ի, Տ.Մ.-ի և Կ.Մ.-ի ուղղությամբ։
Քրգործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով (ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ)։
Նախաքննությունը շարունակվում է: