Խորամանկության անվերջ ուղի․ այսպիսին է Չինաստանի ռազմավարությունը, ինչը հազարամյակներ շարունակ օգնել է հաղթել, հաճախ՝ առանց զենքի։ Սա բոլորովին չի նշանակում, որ Չինաստանն առհասարակ պատերազմելու առիթ չի ունեցել։ Ունեցել է և՝ բազմիցս, այդ թվում՝ թուրքերի հետ։ Բայց զարմանալի բան` Չինաստանը միշտ եղել է այն վիշապը, որի դեմ կռվելով և հաղթելով՝ հակառակորդը ինքն է վերածվել միֆական վիշապի։ Նույն տափաստանային թուրքերը, որոնք հաճախ էին արշավում Չինաստանի վրա, արդյունքում ձուլվեցին և դարձան հաներ։
Խորամանկության անվերջ ուղին
Չինաստանի քաղաքականության մեջ միշտ գերակշռել է «փափուկ ուժը»։ Հենց այդ իմաստուն մարտավարության շնորհիվ էլ չինացիներին իրենց պետությունը գլոբալ մակարդակի հասցրին։ Վիշապը, որն, ըստ էության, երբեք չէր թռչում և կենտրոնացած էր իր վրա, հանկարծ բացեց թևերը՝ ավելի ու ավելի ընդլայնելով ազդեցությունը աշխարհում:
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, որը հույս ունի այս աշնանը ստանալ «երկնքի մանդատը», դեռ ութ տարի առաջ մշակել էր գլխապտույտ մասշտաբների «Մեկ ուղի, մեկ գոտի» ծրագիրը, որը նախատեսում է համագործակցություն տասնյակ երկրների հետ, նոր երթուղիների ստեղծում, տրանսպորտային միջանցքների կառուցում և առևտրային խոչընդոտների վերացում աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
Այս նախագծի ոչ վերջին տեղում է նաև Հարավային Կովկասը, որտեղ նույնիսկ երկու կողմից շրջափակված փոքրիկ Հայաստանը կշիռ ու նշանակություն է ձեռք բերել։
Բնականաբար, Պեկինը շահագրգիռ է մեր տարածաշրջանում հաղորդակցություն բացելու հարցում։ Բայց ո՞ւմ հաշվին։
44-օրյա պատերազմից անմիջապես հետո խոսակցություններ եղան, որ Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած ադրբեջանա-թուրքական տանդեմը դրա համար արտաքին աջակցություն է ստացել, այդ թվում՝ Չինաստանից, որը հավանություն է տալիս Անկարայի ու Բաքվի «միջանցքային քաղաքականությանը»։
Դեռևս անցած տարի մեդիատարածքում խաղեր էին ընթանում միջանցքային թեմայի շուրջ։ Բաքվում Չինաստանի դեսպանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը ներդրում կլինի «Մեկ գոտի, մեկ ուղի» տրանսպորտային նախագծում»: Հայաստանում ՉԺՀ դեսպանն անմիջապես էլ սկսեց երդվել ու համոզել, որ Պեկինը երբեք չի խոսել ոչ մի միջանցքի մասին։
Մինչդեռ բոլորովին վերջերս կայացած հեռախոսազրույցում Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները կրկին ընդգծել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Իսկ արդեն ՉԺՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նախարար Վան Ին նշել է, որ Պեկինը շարունակելու է հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև աջակցելու է «հայ ժողովրդի կողմից ընտրված զարգացման ուղուն՝ հաշվի առնելով երկրի իրողությունները»:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Մենք դեռ ստիպված ենք հանդուրժել ադրբեջանցի ուժայինների ներկայությունը Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ Բաքուն անհամբեր սպասում է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։
Ռազմավարական գործընկերություն
Պեկինն ու Անկարան, իհարկե, ոչ բոլոր հարցերում են միասնական մոտեցումներ որդեգրել։ Նույնիսկ եթե հաշվի չառնենք ույղուրների սուր խնդիրը, որը մթագնում է երկու երկրների միջև հարաբերությունները, Չինաստանն ու Թուրքիան մրցակիցներ են դառնում այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Բալկանները: Այնուամենայնիվ, դա չի խանգարում, որ Չինաստանը ակտիվորեն զարգացնի Թուրքիայի հետ փոխգործակցությունը։
Դեռ 2010-ականներին պետությունների միջև հարաբերությունները հասել էին ռազմավարական գործընկերության մակարդակի։ Պեկինը ակտիվ ներդրումներ է անում թուրքական տնտեսության մեջ։ Եթե 2000-ականներին երկկողմ առևտրի ծավալը կազմում էր մոտ 1 մլրդ դոլար, ապա 2018-ին այն հասել էր 23 մլրդ դոլարի։
Ի դեպ, նույն ճգնաժամային 2018 թ.-ին չինական ներդրումները բավական օգնեցին թուրքական սուլթանի կառավարությանը։
Պեկինը հին ձևո՞վ է գործում
Չինացիների և թուրքերի կապերը, բնականաբար, այսօր չեն կարգավորվել, այլ այն հեռավոր ժամանակներում, երբ ձևավորվում էին Արևելքն ու Արևմուտքը միացնող կարևորագույն առևտրային զարկերակներից մեկի՝ Մետաքսի ճանապարհի երթուղիները։ Մետաքսով բեռնված քարավանները պաշտպանության կարիք ունեին, և հարյուրամյակներ շարունակ նրանց ուղեկցում էին (ընդհուպ մինչև Հռոմ) հենց թուրքական ջոկատները, որոնց համար ընտրում էին առավել փորձառու զինվորներին։
Այնպես որ, Պեկինի և Անկարայի փոխգործակցությունը «մեկ ուղու» շրջանակում բնավ էլ նոր գաղափար չէ։ Այս իմաստով պահպանողական Չինաստանը գործում է հին ձևով՝ հույս ունենալով, որ Թուրքիան հետագայում ևս կուժեղացնի իր ազդեցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Միայն թե այստեղ հաշվարկը կարող է սխալ լինել։ Առավել ևս, որ թուրքական էքսպանսիան Հարավային Կովկասում հազիվ թե Ռուսաստանի և Իրանի սրտով լինի։
Թեհրանը բազմիցս հայտարարել է Հայաստանի ինքնիշխանության հաշվին տարածաշրջանում սահմանների «վերաձևման» անթույլատրելիության մասին։ Բառացիորեն օրերս Հայաստանում Իրանի դեսպանը կրկին ընդգծեց, որ Թեհրանն անընդունելի է համարում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները, որոնք հակասում են Իրանի շահերին։
Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ առավել սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնում նաև Հնդկաստանը, Չինաստանի ակնկալիքները Հարավային Կովկասի մասով, որտեղ թյուրքերի պլանները ակնհայտորեն հակասում են հին արիների շահերին, գուցե չարդարանան։
Բացի այդ, Թուրքիայի վիճակն էլ ամեն պահի կարող է երերուն դառնալ։ Ո՞վ է ասել, որ Անկարան կարող է լիովին երաշխավորել բեռնափոխադրումների անվտանգությունը Միջերկրական ծովի ավազանում կամ թեկուզ Սև ծովում, որտեղ իրավիճակն արդեն թեժ է, իսկ ջրում հարյուրավոր ծովային ականներ են լողում։
Այո՛, Թուրքիան փակել է նեղուցները՝ Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան, բայց դա վերաբերում է միայն ռազմանավերին։ Քաղաքացիական նավարկությունը շարունակվում է։ Թուրքիայի պաշտպանության նախարարը գրեթե ամեն օր հավաստիացնում է, որ իրավիճակը վերահսկվում է, որ ականազերծող նավերը բերվել են բարձր պատրաստության վիճակի, որ տեղադրվել են ռադարներ, որ ականներ հայտնաբերելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր: Սակայն Սև ծովի տարածքում որևէ բեռնանավի, լցանավի կամ այլ նավի հետ կապված միջադեպի հավանականությունը 100 տոկոսով բացառել ոչ ոք չի կարող։
Ի՜նչ ականներ կամ տորպեդներ։ Անգամ անզգուշորեն նետված ծխախոտը կարող է լրջագույն սպառնալիք ստեղծել։ Առավել ևս, որ լոգիստիկ շղթաների կտրվելը կամ աշխարհում արհեստական պարենային ճգնաժամ ստեղծելը միայն ձեռնտու է «մեծ քեռիներին»։
Ի դեպ, բուն Թուրքիայում վերջերս անընդհատ ինչ-որ բան է պայթում․ ինքնաշեն պայթուցիկները պայթում են մե՛կ ժանդարմներով լի ավտոբուսում՝ Բուրսայում, մե՛կ երիտասարդական հիմնադրամի շենքի մոտ՝ Ստամբուլում։
Արդեն այրվում են լաքի և ներկի գործարանները, հերթը կարող է հասնել նաև օղու-լիկյորի ձեռնարկություններին։ Ի՞նչ իմանաս․․․
Անկարան դեռևս ակտիվորեն չի մտնում Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս` չնայած Արևմուտքի հրահրումներին, որը շատ է ուզում «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ: Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում մեզ համար տեսանելի միայն մեկ միջադեպ է եղել Փառուխում (Արցախի Ասկերանի շրջան), որտեղ Ադրբեջանը, անկասկած, գործում էր Թուրքիայի հրահանգով:
Դրանից հետո Անկարան կրկին հայացքն ուղղեց Մերձավոր Արևելք՝ ցանկանալով ուկրաինական ճգնաժամի աղմուկի տակ լուծել իր հարցերը Իրաքի քրդերի հետ։
Ի՞նչ է նա տեսնում հեռավոր երկրում
Չինաստանը հայտնի է իր գյուտերով, հիշենք թեկուզ վառոդն ու թուղթը։ Այսօր նա ավելի ու ավելի հաճախ է ընտրում փոխառման ճանապարհը` կրկնօրինակելով Արևմուտքում հայտնագործված տեխնոլոգիաներն ու մոդելները․ օրինակ՝ Huawei ընկերությունը, որը համաշխարհային առաջատարներից մեկն է հեռահաղորդակցության ոլորտում, շատ հարցերում կրկնում է Apple-ին, իսկ առցանց առևտրով զբաղվող Alibaba-ն, կարելի ասել, Amazon-ի կրկնօրինակն է։
Եվ այստեղ շարքային հայի գլխում հարց է ծագում` Պեկինի ինչի՞ն էր պետք մեր մայրաքաղաքում դեսպանատան մեծ շենք կառուցելը։ Հանգիստ չէ՞ր տալիս ամերիկացիների դիվանագիտական առաքելության բացումը Երևանում, որը նույնպես խոշորագույնն է տարածաշրջանում, թե՞ Չինաստանը, այնուամենայնիվ, ինչ-որ հեռանկարային բան է տեսել մեր հինավուրց երկրում։
Հասկանալի է, որ նույն «միջանցքային ծրագրում» հայերի դեմ ոչ մի անձնական բան չկա, ուղղակի բիզնես է։ Բայց ամեն դեպքում ժամանակն է, որ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը հիշի, որ իր անունը, ի վերջո, Վան Ի է, ոչ թե Թուրան Ի։
Չինական փիլիսոփայության մեջ գոյությունը ցիկլային գործընթաց է, չկա Արմագեդոնի հասկացություն, չկա պատմության սկզբի և վերջի հասկացություն: Եվ գրելաձևում էլ չինացիները նախընտրում են ոչ թե կետը, այլ բազմանշանակ բազմակետը։ Հուսանք, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության ներկա փուլը, այնուամենայնիվ, ոչ թե վերջակետ է, այլ բազմակետ…