ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի -Sputnik. Ուկրաինացի զինվորականները Խարկովում հաուբիցներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղադրել Խարկովի ցեմենտի ու քիմիական գործարանների տարածքում: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ տարաների ոչնչացման դեպքում մթնոլորտ կարտանետվեն քիմիական նյութեր՝ հետագայում օդի, տեղանքի ու ջրամատակարարման աղբյուրների վարակմամբ, ինչը մարդկանց զանգվածային թունավորման կհանգեցնի:
«Գրոհայինները, իմանալով, որ իրենց ցինիկ գործողությունների զոհ են դառնալու միայն խաղաղ բնակիչները, նպատակաուղղված կերպով ՌԴ ԶՈւ-ին հրահրում են պատասխան կրակ բացել, որ ռուս զինծառայողների վրա բարդեն տեղի բնակչության շրջանում հնարավոր զոհերի պատասխանատվությունը»,- նշել է Միզինցևը:
Գեներալն ավելացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախապես զգուշացնում է Արևմուտքին, որ տեղյակ է` այս և նման այլ սադրանքներն ուկրաինական իշխանության կողմից առաջիկայում նախատեսվում է լայնորեն տարածել արևմտյան ԶԼՄ-ների և տարբեր առցանց ռեսուրսների միջոցով:
Միզինցևը նաև հայտնել է, որ Կրամատորսկի թիվ 1 ու թիվ 3 դպրոցների, ինչպես նաև թիվ 39 ուսումնարանի տարածքում Ուկրաինայի զորքերի ստորաբաժանումները տեղակայել են ռազմական տեխնիկա, ծանր սպառազինություն ու զինամթերքի պահեստ են սարքել։ Ընդ որում, մոտակա տներից բնակիչների տարհանում չի իրականացվել:
Գեներալի խոսքով՝ անցած օրվա ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից:
Հատուկ գործողության սկզբից Ռուսաստան է տարահանվել 1 114 318 մարդ, որոնցից 199 348-ը երեխաներ են:
Միզինցևի տվյալներով՝ Ռուսաստանը մարտի 2-ից Ուկրաինա է հասցրել ավելի քան 17,5 հազար տոննա մարդասիրական օգնություն, անցկացվել է 967 հումանիտար միջոցառում:
Նա նշել է, որ միայն անցած օրվա ընթացքում Զապորոժիեի, Խարկովի ու Խերսոնի մարզերում անցկացվել է հինգ հումանիտար միջոցառում, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվել է 195 տոննա մարդասիրական օգնություն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 70-րդ օրը։