Պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսությանը. Ղարիբաշվիլին ընդունել է Գրիգորյանին

Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
Այս տարին առանձնահատուկ է Վրաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների համար, քանի որ լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա հետ քննարկել հայ-վրացական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Արմեն Գրիգորյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններին, հետագա համագործակցության ոլորտներին։
Ղարիբաշվիլին ընդգծել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը։
«Երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար Վրաստանը կրկին պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային երկխոսության մեջ՝ խթանելու տնտեսությունը, առևտուրը, մշակույթը և այլ ոլորտներ»,- ասել է նա։
Կողմերն անդրադարձել են Վրաստանի վարչապետի «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությանը` որպես երկխոսության կարևոր հարթակ։ Խոսել են նաև Ուկրաինայի մասին։
Ընդգծվել է, որ այս տարին առանձնահատուկ է Վրաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների համար, քանի որ լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստան է մեկնել