Նիկոլը պատերազմի խորհրդանիշ է. Շարմազանովը` ՀՀ իշխանությունների հրաժարականի մասին

Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահ է` ՀՀ ներկայիս իշխանությունները զգում են այն վտանգը, որն արդեն մոտ է իրենց։
Այս մասին Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյան փողոցով երթ իրականացնելիս։
«Նրանք հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն։ Ինչքան էլ մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական մեծ շարժում է, այստեղ կան կուսակցականներ, սակայն հիմա որոշվում է Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Իշխանությունները լավ էլ նկատում են երկրում ճգնաժամը, ուղղակի իրենք իրենց ցանկանում են համոզել, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց ՀՀԿ ԳՄ անդամը։
Նա շեշտեց` Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ անգամ ժողովրդին խաբել է, բայց հիմա պետք է հեռանա. «պետք է դուրս շպրտել կապիտուլյանտների «շայկային», քանի որ վերջիններս 30-ամյա հաղթանակները դարձրել են պարտություն ու պատերազմ են բերել»։

«Նիկոլը պատերազմի խորհրդանիշ է։ Ինքն է խոստովանել, որ 5000 երեխայի մահվան ու զոհաբերության պատճառն է, Շուշին ու Հադրութն է տվել, մնում է, որ ինչ անի։ Չի ուզում գնա, ուրեմն խաղաղ անհնազանդության ակցիաներով պետք է ցույց տանք իրեն ու իր խունտային հեռացնել իշխանությունից»,– ասաց Շարմազանովը։

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։ Ցուցարարները 15։30-ին վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։