ՀՀԿ-ի երթը մեկնարկեց Ֆրանսիայի հրապարակից

Ակցիայի մասնակիցները հայրենասիրական երգերով, կոչերով շրջում են Երևանի փողոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀԿ կուսակցության երիտասարդական թևը, նրանց համախոհները Երևանի Ֆրանսիայի հրապարակից սկսեցին իրենց երթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նրանք հայրենասիրական երգերով, կոչերով շրջում են Երևանի փողոցներում և մարդկանց հորդորում դուրս գալ փողոց։ Թումանյան-Նալբանդյան փողոցում մի պահ շուրջպար բռնեցին, ապա շարունակեցին երթը։
Ցուցարարները հայտարարեցին, որ այսօր 15.30 կլինեն Ֆրանսիայի հրապարակում։
Հավելենք, որ Ֆրանսիայի հրապարակից տարբեր ուղղություններով ևս մի քանի խումբ է դուրս եկել։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բեռնատարներով և բետոնխառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը։ Այնտեղ ժամանած մեծ թվով ոստիկանները սկզբում փորձում էին գործի գցել մեքենաները, սակայն վարորդները բանալիները տարել էին, այնուհետև ծառայողները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։