ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը, հայտնում է Ermenihaber–ը:
Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել դեսպանի նշանակումը հաստատելու քվեարկություն, ուրուգվայցի պատգամավորները միաձայն դեմ են քվեարկել Սայրուսի նշանակմանը:
Դեսպանի գործը հետ է ուղարկվել Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերություններով հանձնաժողով: Որոշման մեջ ասվում է, որ այն որևէ առնչություն չունի դեսպանի անձի հետ:
Ինչպես հայտնել ենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։
Չավուշօղլուի այդ քայլը բողոքի պատճառ է դարձել Ուրուգվայում: Դեպքը տեղի է ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողությունից հետո, որին մասնակցում էր Չավուշօղլուն: