Ցուցարարները ճեղքեցին ոստիկանների դիմադրությունը. ԱԳՆ շենքի դիմաց իրարանցում է

Բողոքի ակցիա
Ցուցարարները նախարարության շենքի դիմաց գտնվող սյան վրա տեղադրեցին Արցախի դրոշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Դիմադրություն շարժման անդամներն ու ցուցարարները ներխուժեցին Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող նախարարությունների շենք։ Նրանք վազքով գնացին դեպի շենքի մուտքը փակող ոստիկաններն ու նրանց հրմշտելով հասան մինչև ԱԳՆ շենքի մուտքի մոտ։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դիմադրություն շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը նախարարությունների շենքին հասած երթի մասնակիցներին հայտարարեց. «ԱԳՆ շենքում պետք է բարձրանա Արցախի դրոշը»։
Այս հայտարարությունից հետո ցուցարարները դրոշը վերցրած վազեցին դեպի մուտքը։
Հասնելով ԱԳՆ շենքին` ցուցարարները շենքի դիմաց գտնվող սյան վրա տեղադրեցին Արցախի դրոշը։
Այս պահին նախարարության շենքի դիմաց իրարանցում է։ Միջադեպից հետո ԱԳՆ հասած ոստիկանական լրացուցիչ ուժերի ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։ Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին կոչ է անում դուրս գալ փողոց` հավելելով. «Ժողովուրդ, դուրս ենք գալիս, ով չի ենթարկվում իմ հրահանգներին, սադրիչ է»։
Նշենք, որ այսօր բազմամարդ բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ ԱԺ–ի դիմաց այն պահին, երբ այնտեղ ընթանում էր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանը։ Հետո ակցիայի մասնակիցները երթով շարունակեցին բողոքի իրենց արտահայտումը։
Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի և 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։