ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Սոցցանցերը, ինտերնետ-ծառայությունները և խանութները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ արգելափակեն «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի նյութերը։ ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է պատժամիջոցների ցուցակում, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կողմից:
«Սոցիալական ցանցերի ծառայությունները, ինտերնետ մտնելու ծառայությունները և հավելվածների խանութները պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկեն, որ Մեծ Բրիտանիայում օգտատերերին արգելեն նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրվող բովանդակության, կայքերի կամ հավելվածների հասանելիությունը», - նշված է փաստաթղթում:
Ավելի վաղ բրիտանական ԱԳՆ-ն հայտնել էր RT-ի ու Sputnik-ի նկատմամբ նմանատիպ միջոցառումների մասին: Sputnik-ը մտնում է «Ռոսիյա սեգոդնյա» մեդիախմբի մեջ։
Նշենք, որ այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1600 ռուսաստանցի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։