ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը հայտնում է, որ այս ժամին Երևանի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:
Ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ:
«Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները»,– վստահեցնում է գերատեսչությունը։
Նշենք, որ բեռնատարներով և բետոնախառնիչներով այսօր փակվել էին Կիևյան և Հաղթանակի կամուրջները։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։