Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր տնօրեն ունի

Նոր տնօրենը մինչ այս աշխատել է մի շարք հեղինակավոր ընկերություններում ու զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր տնօրեն է նշանակվել Կարինե Սարգսյանը, հայտնում է հիմնադրամի՝ «Ֆեյսբուքի» էջը։

«Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրաշալի թիմին, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ»,- գրել է Սարգսյանը։

Նա հավատացած է, որ պատերազմների մասնակիցների պատմությունները և փորձառությունները հայ հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և հիմնադրամը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ։
Կարինե Սարգսյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի առաջին շրջանավարտներից է։ 1993 թվականին ստացել է Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95թթ-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման Մագիստրոսի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում՝ Իլինոյս նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Սարգսյանը զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են «Ջոնսոն և Ջոնսոնը», «Կոկա-Կոլան», ՄԱԿ-ը, Զարգացման ավստրիական գործակալությունը և Հայ-ամերիկյան առևտրային պալատը։
Հիշեցնենք, որ ԶԱՀ-ի նախկին տնօրենը Վարուժան Ավետիքյանն էր, որը լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել էր 2021 թվականի ապրիլի 12-ին։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատկացումներ տրամադրելու նպատակով: