ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի դիմաց, մի խումբ երիտասարդներ ուսապարկերով ակցիա են իրականացրել։
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է հանրային գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Երիտասարդները շուրջ 30 ուսապարկ են բերել, որոնց վրա փակցրել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նկարները։
«Երազում ենք այն օրվա մասին, երբ մեր ԱԺ-ում պատգամավորների փոխարեն որևէ մեկի ուսապարկեր այլևս չլինեն»,- գրել է Չալաբյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին, երբ ՔՊ-ից դուրս էր եկել պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, սակայն մանդատը վայր չէր դրել՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր` «Եթե իր հետ նույն ընտրատարածքում նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը, վստահաբար, մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»: