The Guardian. ուկրաինացի փախստականները հայց կներկայացնեն Բրիտանիայի ՆԳ նախարարի դեմ

Բրիտանական պարբերականը հայտնում է, որ ուկրաինացի փախստականները մտադիր են հայց ներկայացնել Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարար Պատելի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Save the Children և Refugee Council հասարակական կազմակերպությունները պատրաստվում են խմբային հայց ներկայացնել ՆԳՆ ղեկավար Պրիտի Պատելի դեմ՝ հարյուրավոր ուկրաինացի փախստականների անունից, և մտադիր են պահանջել անհապաղ պարզեցնել հովանավորչական վիզաների տրամադրման կանոնները, գրում է The Guardian-ը։
Հոդվածում նշվում է, որ դատարան դիմելու առիթ է դարձել այն բյուրոկրատական քաշքշուկը, որին բախվում են ուկրաինացիները։

Ակտիվիստները նշում են, որ հաճախ են պատահում իրավիճակներ, երբ ընտանիքի անդամներից մեկը, առավել հաճախ` երեխան, չի կարողանում վիզա ստանալ բյուրոկրատական խնդիրների պատճառով, ինչի պատճառով ամբողջ ընտանիքը չի կարողանում տեղափոխվել: Բացի այդ, փախստականները հնարավորություն չունեն ինքնուրույն ստուգելու իրենց հայտի կարգավիճակը։

Մեծ Բրիտանիան ուկրաինացիների համար վիզային ռեժիմը պարզեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության հետևանքով։ Մարտի 15-ի դրությամբ Միացյալ Թագավորությունը ուկրաինացի փախստականներին 5,5 հազար վիզա է տրամադրել, որոնք գործում են երեք տարի և թույլ են տալիս ապրել երկրում, աշխատել, սովորել և հասանելիություն ունենալ պետական հիմնադրամներին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելի խոսքով՝ երկիրը կարող է Ուկրաինայից մինչև հարյուր հազար փախստական ընդունել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։