ՌԴ-ից ու այլ երկրներից ներհոսքը Հայաստան դանդաղեցրել է գնաճն ու ակտիվացրել տնտեսությունը

Ձեթի ցուցափեղկ Երևանյան սուպերմարկետներից մեկում. Արխիվային լուսանկար
Մարտ ամսվա տվյալներով` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը սպասվածից ավելի զարգացում է արձանագրել, ինչը պայմանավորված է ՀՀ ժամանողների հոսքերի ավելացմամբ, պահանջարկի աճով ու ծառայությունների ոլորտի խթանմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները։ Ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ դա բացասաբար է անդրադառնում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրների ֆինանսատնտեսական շուկաների զարգացման վրա։
«Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի սպասվածից ավելի դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ։ Վերջինը պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ»,- ասաց ԿԲ նախագահը՝ եզրահանգում անելով, որ արտաքին հատվածից ՀՀ-ի վրա գնաճային ճնշումները կպահպանվեն նաև առաջիկայում։
Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ 2022թ-ի մարտ ամսին՝ 2021թ-ի մարտ ամսվա համեմատ, գնաճը կազմել է 7,4 տոկոս։
Այդուհանդերձ, մարտ ամսվա տվյալներով, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, նրա խոսքով, ավելի դրական զարգացում է արձանագրել, ինչը պայմանավորված է ՀՀ ժամանողների հոսքերի ավելացմամբ, պահանջարկի աճով ու ծառայությունների ոլորտի խթանմամբ։
Նշված գործընթացների արդյունքում, ԿԲ նախագահի դիտարկմամբ, արժևորվում է նաև ՀՀ դրամը՝ նպաստելով գնաճի թուլացմանը։
«Նախատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու կհասնի 4 տոկոս նպատակային ցուցանիշին»,- ասաց Գալստյանը։
Այս գնահատականների ու կանխատեսումների ֆոնին ԿԲ խորհուրդն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ մարտի 15-ին սահմանած 9.25% -ի միջակայքում։
Մի շարք երկրների տարեկան գնաճը 2022թ-ի մարտ ամսվա դրությամբ
Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 1.25 տոկոսով՝ փորձելով այդկերպ զսպել Ուկրաինական իրադարձությունների ֆոնին ահագնացած գնաճը։