ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց դատարան։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, և գործով մեղադրյալներ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա են նիստին։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում «մեղադրանք» եզրույթին։ Բացի այդ, փաստի նկարագրման մեջ մենք թերություն ունենք։ Այդ պատճառով էլ մենք պնդելու ենք, որ դատարանն անհապաղ որոշում կայացնի, քանի որ ապացույցների հետազոտման կարիք չկա (խմբ.` ապացույցների հետազոտման փուլին են հասել)»,- ասաց Խուդոյանը։
Նա շեշտեց, որ, օրինակ, մեղադրանքում նշվում է` գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառք է փոխանցել Քոչարյանին, սակայն չկա օբյեկտիվ ձևակերպում, թե Քոչարյանը ստացել է դրանք։ Պաշտպանի խոսքով` մեղադրական եզրակացության մեջ նկարագրված արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշի, հասկանալի չէ` ինչ գործողություն է կատարել Քոչարյանը, որը հանցակազմ է պարունակում։
Խուդոյանը հայտնեց` քրեական հետապնդումն այդպիսի մեղադրանքի հիման վրա շարունակելը կբերի Քոչարյանի անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքի խախտման, ուստի գործի քննությունն առկա մեղադրանքի շրջանակում չի կարող շարունակվել։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց` դատարանն արձանագրում է, որ միջնորդությունում բարձրացված հարցերն այս փուլում չեն կարող քննության առարկա դառնալ։ Նրա խոսքով` օրենսդրությամբ նախատեսվում է, որ ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը մնում է առանց քննության։ Ուստի նա որոշեց առանց քննության թողնել Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը` որպես ոչ ժամանակին ներկայացված միջնորդություն։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ-ն որոշել է, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը՝ հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։