Մերձդնեստրում ահաբեկչություն են կանխել, չեզոքացրել են «Մայակի» վրա տեղադրված դրոնը

Պայթուցիկով ԱԹՍ–ն
Նման դրոնը կարող է մինչև 20 կիլոգրամ բեռ կրել ու մոտ 30 կիլոմետր տարածք հաղթահարել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում (չճանաչված պետություն) անցած գիշեր ահաբեկչության փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մերձդնեստրի ТСВ հեռուստաալիքին:
«Այսօր՝ ժամը 02։00-ին, «Մայակ» ռադիոհեռուստակենտրոնում դիվերսիայի երկրորդ փորձն է իրականացվել։ Երկու կիլոգրամ պլաստիդով ու 5 լիտր հրկիզող խառնուրդով բեռնատար դրոն է չեզոքացվել։ Պայթուցիկ սարքը պետք է գործի դրվեր հեռավար տարբերակով՝ ռադիոազդանշանի օգնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԹՍ-ի օգնությամբ նախատեսվում էր պայթեցնել այն շենքը, որում գտնվում է տրանսֆորմատորների սառեցման համակարգը: Պայթելու դեպքում ռադիոհեռուստակենտրոնն ամբողջությամբ շարքից դուրս կգար։
Նշվում է, որ նման դրոնը կարող է մինչև 20 կգ բեռ կրել ու մոտ 30 կմ հեռավորություն հաղթահարել:
Վերջին ժամանակաշրջանում 3 ահաբեկչություն է տեղի ունեցել Մերձդնեստրում՝ Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքում, Պարկանի գյուղին հարակից զորամասի մոտ և Մայակ գյուղի մոտ գտնվող ռադիոհեռուստատեսային կենտրոնի աշտարակի վրա։ Հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ է հայտարարվել։
ՌԴ-ն դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում Մերձդնեստրին ներգրավելու փորձերը, ընդ որում` Դնեստրի Լևոբերեժիեի իրադրությունը վերահսկում են խաղաղապահները։
«Ազովի» գրոհայիններն օգտվել են լռության ռեժիմից ու կրակային դիրքեր զբաղեցրել. ՌԴ ՊՆ
Մերձդնեստրը, որի բնակիչների 60%-ը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր Մոլդովայի կազմից դուրս գալ դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ մտավախ, որ ազգայնականության ալիքի վրա Մոլդովան կմիանա Ռումինիային: 1992 թվականին, երբ Մոլդովայի իշխանությունը խնդիրը լուծելու անհաջող փորձ արեց, Մերձդնեստրը փաստացի դարձավ Քիշնևի կողմից չվերահսկվող տարածք։