ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է հանրապետության նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական Figaro-ն։
Նշվում է, որ Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ գաղտնի հանդիպում է ունեցել Սարկոզիի հետ:
Պարբերականը գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Մակրոնի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց մեկ շաբաթ անց և խորհրդարանի ընտրություններում թեկնածությունների առաջադրումից մի քանի օր առաջ:
Հանդիպման մասնակիցները ցանկացել են գաղտնի պահել իրենց զրույցի բովանդակությունը։
Ապրիլի սկզբին Ֆրանսիայի առաջնորդը հերքել էր, թե իր և Սարկոզիի միջև ինչ-ինչ գաղտնի համաձայնություն կա, և որ նախագահի ընտրություններում աջակցելու դիմաց Մակրոնը Սարկոզիին առաջարկելու է Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածությունը: