Կարծր ու նուրբ, կոշտ ու սահուն հայերենը. որո՞նք են աշխարհի ամենասեքսուալ լեզուները

Sputnik
Հայերենի այբուբենի 39 տառերը 36 հնչյուն են արտահայտում, և դա հայոց լեզվի առանձնահատկություններից մեկն է։ Ընդունենք որպես փաստ։ Փաստ երկրորդ՝ աշխարհի ամենասեքսուալ լեզուների առաջին տասնյակում հայերենը, այնուամենայնիվ, չի երևում։ Այստեղ առաջին տեղում իտալերենն է, որին հետևում են պորտուգալերենը, ֆրանսերենը, իսկ չորրորդ տեղում ռուսերենն է։
Այսպիսին է լեզվաբանների եզրակացությունը, որը ներկայացրել է Die Welt ազդեցիկ գերմանական թերթը։ Ճիշտ է, եթե հայոց լեզուն գնահատենք քաղաքական առօրյայում կիրառման տեսանկյունից, ապա այսօր մենք ամբողջ աշխարհից առաջ ենք, բայց հարցի այդ կողմը Die Welt-ին չի հետաքրքրել, շաբաթաթերթն առաջնահերթությունը տվել է զգայական մասին։
Կորոնավիրուսային վարակը տարածվեց նաև լեզվի վրա
Ո՞ր չափանիշներով են որոշում հաղթողին։ Հետազոտողները չափել են երկու սեռի հասուն «փորձամարդկանց» սրտի զարկերի հաճախականությունը, ինչից հետո նրանց համար միացրել են ձայնագրություններ՝ արտահայտություններ, բառակապակցություններ, նախադասություններ, որոնք սովորաբար օգտագործվում են սիրո խոստովանության կամ պարզապես ֆլիրտի համար։ Եվ կախված այն բանից, թե որքան էին արագանում սրտի զարկերը, եզրակացություն են արել այս կամ այն լեզվի գրավչության մասին։
Կարիք կա՞ արդյոք բացատրել, որ երբ որևէ մեկը ձգտում է մեկ ուրիշին, նրա սիրտն ավելի արագ է բաբախում (միջինը՝ 25 տոկոսով)։ Իտալացիների մոտ, փաստորեն, սիրտը ամենաարագն է զարկում։ Սա լիրիկայի մասով, բայց հնչյունաբանությունն էլ ոչ ոք չի չեղարկել։ «Երեկոյան Նյու Յորք» թերթում լեզվաբան և թարգմանիչ Ալեքսանդրա Ստևանովիչի մեկնաբանությունից․
«Այնպիսի լեզուներում, ինչպիսին իտալերենն է, բառերը կառուցվում են «բաղաձայն-ձայնավոր» սկզբունքով։ Ամեն վանկը ձայնավոր հնչյունով է ավարտվում։ Մարդու ականջին դա երաժշտական է հնչում, ուստի լեզուն ինքնըստինքյան ընկալվում է որպես գրավիչ»։
Նշանակում է՝ ամեն ինչ կախված է ձայնավորով ավարտվող վանկի՞ց։ Այսինքն՝ իտալերեն ti amo-ն ավելի մեծ ձգողական ուժ ունի, քան հայերեն «սիրում եմ»-ը, միայն այն պատճառով, որ առաջին դեպքում բառը ձայնավորով է ավարտվում, իսկ երկրորդում՝ բաղաձայնո՞վ։ Ստացվում է՝ պարտվում ենք։ Բայց չենք հուսահատվում։
«…Այդ տառերով կարելի է ձիերին ողջ-ողջ պայտել․․․ Կամ տառերն այդ կարելի էր քարից քանդակել, որովհետև քարը Հայաստանում նույնքան բնական է, որքան այբուբենը, և հայերեն տառի սահունությունն ու ամրությունը չեն հակասում քարին։ Եվ ճիշտ նույնկերպ էլ հայերեն տառն իր վերևի կորերով նման է հին հայկական եկեղեցուն կամ դրա կամարին, ինչպես այդ գիծը կա նաև նրա լեռների ուրվագծում, և ինչպես դրանք էլ, իրենց հերթին, նման են կնոջ կրծքի գծերին, այնքան համընդհանուր է Հայաստանի համար ամրության և փափկության, կոշտության և սահունության, առնականության և կանացիության այդ համադրությունը թե՛ բնապատկերում, և թե՛ օդում, թե՛ շենքերում, և թե՛ մարդկանց մեջ, թե՛ այբուբենում, և թե՛ խոսքում»։ Անգերազանցելի Անդրեյ Բիտովն է` «Հայաստանի դասերի» հեղինակը։
Հայերենի սեքսուալության վարկանիշի մասին նրա մոտ ոչ մի խոսք չկա, այն ժամանակներում լեզվաբանական գիտությունը նման ցուցանիշներ չէր չափում, իսկ գրողները օտարերկրյա խոսքի արժանիքները գտնելու և ընդգծելու այլ ուղիներ էին փնտրում։
Երևանն իր երկրորդ հայրենի քաղաքն էր. թաթար գեներալ Գանիևն ու Հայաստանը
Օսիպ Մանդելշտամն, օրինակ, գրել է․ «Հայոց լեզուն չմաշվող է, քարե սապոգներ են։ Դե, իհարկե, հաստ պատերով բառը, օդի շերտերը` կիսաձայն տառերում։ Բայց մի՞թե դա է ամբողջ հմայքը։ Ո՛չ։ Ուրեմն որտեղի՞ց է ձգողականութունը։ Ինչպե՞ս բացատրել։ Ինչպե՞ս գիտակցել։
Ես զգացի ռուսական շուրթերի համար արգելված հնչյուններն արտաբերելու ուրախությունը, գաղտնի, մերժված և խորության ինչ-որ մակարդակում գուցե նույնիսկ ամոթալի հնչյունները։
Անհամ եռացրած ջուր էր թիթեղյա թեյնիկում, և հանկարծ դրա մեջ մի պտղունց հրաշալի սև թեյ գցեցին։ Այդպես է եղել ինձ մոտ հայոց լեզվի դեպքում։ Բանաստեղծական խոսքի բարձրագույն որակավորման վարպետի կարծիքն է։ Լսենք։
Այսօր մի քիչ այլ է։ Այսօր, եթե ինձ հարցնեք, մեր թեյնիկի մեջ մի բուռ կծու պղպեղ ու մանանեխ են լցրել, ինչից հետո լեզուն՝ կորցնելով (հուսանք՝ ժամանակավոր) իր ամբողջ հմայքը, սկսել է քաղաքական պաստառի խորդուբորդություն ստանալ։
Լեզվաբանությունն իր տեղը զիջել է քաղաքագիտությանը։ Լսենք հրապարակներում, Երևանի փողոցներում, ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցողների ճառերը․ խոսքերի հմայքը, որը նկատել էր Օսիպ Մանդելշտամը, միայն երազում կարող ենք տեսնել։
Լեզվի զգայականության ևս մեկ ցուցանիշ է դրա երաժշտականությունը։ Գերմաներենը, օրինակ, չափազանց կոշտ է հնչում, հոլանդերենը՝ նույնպես։ Ճապոներենը, հնդկերենը, չինարենը, ինչպես կարծում են Die Welt-ի հետազոտողները, ռոմանական և հնդեվրոպական լեզուների կրողների մեծ մասի համար որպես օտարածին են ընկալվում, այդ պատճառով էլ՝ պակաս հաճելի։ Իսկ հայերենը, ամեն ինչից անկախ, հայերին ամենահմայիչն ու գրավիչն է թվում։ Կարո՞ղ էր այլ կերպ լինել։
Եվ վերջապես, ցածր և փոքր-ինչ խռպոտ ձայները, պարզվում է, բավական գայթակղիչ են ընկալվում, իսկ որոշ, առաջին հերթին՝ ձայնավորներով հարուստ լեզուները միայն ուժեղացնում են այդ էֆեկտը։
․․․Հայերենում վեց ձայնավոր կա, ռուսերենում՝ ինը, ռոմանտիկ ու սիրառատ իտալացիների մոտ ձայնավորները հինգն են։ Ամենաշատ հնչյուններ ունի աֆրիկյան Բոցվանայում բնակվող ժողովուրդը՝ հարյուր տասներկու հնչյուն։ Ամենաքիչ ձայնավորներն (երկու) ունի աբխազերենը։
Քանի՞ տարբեր հնչյուն կարող է լինել լեզվում։ Այստեղ կան նվազագույն սահմաններ և առավելագույն ցուցանիշներ։ Հնչյունների նվազագույն քանակը մոտ տասնհինգն է։ Այդպիսի օրինակներ գոյություն ունեն Օվկիանիայի որոշ լեզուներում, հավայերենում, որտեղ ձայնավորներն ու բաղաձայնները, մասնավորապես՝ բաղաձայնները, շատ քիչ են։ Բայց այդպիսի լեզուներում բառերը փոքր-ինչ ավելի երկար են, պնդում է լեզվաբանական գիտությունների դոկտոր, ՄՊՀ-ի պրոֆեսոր Վլադիմիր Պլունգյանը։
Եվ, այնուամենայնիվ, բոլոր դեպքերում և աշխարհի բոլոր լեզուներում անկախ տառերի, ձայնավոր-բաղաձայնների և անգամ դիֆտոնգների քանակից, ամենակարևորն այն չէ, թե մարդիկ ինչպես են խոսում, այլ այն, թե ինչ են նրանք ասում։