Իշխանության հետ որևէ բանակցություն չենք վարում, պայմանավորվածություն չունենք. Վանեցյան

Արթուր Վանեցյանից հետարքրքվեցին, թե որոշե՞լ են` ով է լինելու վարչապետ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կարծում է, որ օրերի հարց է իրենց նպատակին հասնելը։ Վանեցյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ քայլերթի ժամանակ։
«Մի քանի օրից արդեն այս իշխանությունների զորությունն էլ չի լինի, պարզապես պետք է, որ պատշգամբներից և մեքենաներից մեզ ողջունողները միանան մեզ։ Չհաջողելու տարբերակ չունենք, քանի որ չհաջողել նշանակում է կորցնել Հայաստանն ու Արցախը»,-ասաց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է լուրերին, թե արդեն իսկ իշխանություն-ընդդիմություն բանակցություններ կան` Վանեցյանը նշեց, թե իշխանության հետ որևէ բանակցություն չեն վարում, որևէ մեկի հետ պայմանավորվածություն չկա։

Հարցին, թե պատկերացում ունե՞ն` ով է լինելու վարչապետ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա` Վանեցյանը նշեց, թե այս պահին նման խնդիր չունեն իրենց առջև.«Ինքնըստինքյան առաջնորդը կծնվի, մենք հիմա դրա վրա չենք կենտրոնանում, այլ մեր՝ այս պահի քայլերի»։

Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։