ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է օգնել, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։ Տեղեկությունը հայտնում է Ելիսեյան պալատը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մակրոնն ու Պուտինն այսօր ավելի քան 2 ժամ զրուցել են հեռախոսով։
«Մակրոնը շեշտել է բանակցությունների միջոցով լուծում գտնելու պայմանների վրա աշխատելու իր մշտական պատրաստակամությունը, որպեսզի խաղաղություն ու լիակատար հարգանք ապահովվի Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը կրկին պահանջել է դադարեցնել մարտական գործողությունները։
Բացի այդ, Մակրոնը խնդրել է Պուտինին, որ թույլ տա հետագա տարհանումը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից:
Մայիսի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պուտինի նախաձեռնության շնորհիվ հաջողվել է «Ազովստալի» տարածքից դուրս բերել ուկրաինական ազգայնականների պատանդառության տակ գտնվող 80 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց ու երեխաների:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։