ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվն ավելացել է

2022թ-ի փետրվարի 24-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում անձնագրային բաժինը 3 278 դիմում է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ոստիկանության անձնագրային բաժիններ դիմողների թիվն այս տարի կտրուկ ավելացել է։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով` այս տարվա առաջին եռամսյակում արդեն ստացվել է նման 3 206 դիմում։

«Հունվարի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 4696 դիմում, որից 3 278-ը՝ փետրվարի 24-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում»,- հայտնեց փոխոստիկանապետը։

Համեմատության համար նա նշեց, որ 2021թ-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 8 541 անձ։
Քաղաքացիություն ստանալու կարգն ավելի պարզեցնելու համար ՀՀ կառավարությունն ԱԺ քննարկմանն է ներկայացրել «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կառավարությանը տալ լիազորություն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառել նաև անձի ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության փաստաթուղթը։

«Տվյալ նախագծով եկեղեցիների տված փաստաթղթերը` մկրտության մասին, հիմք են հանդիսանում, որով էլ անձին կճանաչենք ազգությամբ հայ և կշնորհենք ՀՀ քաղաքացիություն»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց Արա Ֆիդանյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան։ Նիստին նեկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավորներ։
Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում, շարունակում են բոյկոտն ու չեն ներկայացել խորհրդարան։ Նրանք այս պահին անհնազանդության ակցիաներ են անցկացնում Երևանի տարբեր փողոցներում։