Երևանում և մարզերում ակցիայի մասնակիցներից 220-ին ոստիկանություն են տարել

Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին
Նրանք ոստիկանությունում են ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ անողներից 220-ը տարվել են ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ժամը 16։00-ի դրությամբ Երևանից ոստիկանություն է բերվել 206 քաղաքացի։ Մարզերում էլ կան բերման ենթարկվածներ` Գեղարքունիքի մարզում` 8, իսկ Արարատում` 6 հոգի»,- նշեցին ոստիկանությունից։

Նրանք ոստիկանությունում են «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։