Երևանի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է. ոստիկանություն

Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմությունը վերսկսել է անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Երևանի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ՝ խաչմերուկներն արագ բացվել, ու խցանումները վերացվել են:
Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։