Երևանի ցույցերն արգելք չեն. Ալեքսեյ Միշինը՝ Երևանում ռուս գեղասահորդների հավաքի մասին

Երևանում ռուսաստանցի գեղասահորդների հավաքին մասնակցում է նաև 2015 թվականի աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևանում ընդդիմության կողմից անցկացվող բողոքի ցույցերըոչ մի կերպ չեն ազդում ռուս գեղասահորդների հավաքի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Միշինը։
«Մեր հավաքները գերազանց են ընթանում, մթնոլորտը դրական է։ Մենք վառ ու շատ հետաքրքիր ստեղծագործական համարներ ենք ստեղծում: Քաղաքում կազմակերպված երթերը` իրենց դիրքորոշումն արտահայտող մարդկանց մասնակցությամբ, հավաքի անցկացման վրա որևէ կերպ չեն ազդում։ Մենք մնում ենք Երևանում մինչև մայիսի 11-ը, ինչպես և նախատեսել էինք»,-ասել է Միշինը։
Հավաքին մասնակցում են նաև 2015 թվականի աշխարհի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ելիզավետա Տուկտամիշևան և 2018 թվականի օլիմպիական խաղերի թիմային մրցումների արծաթե մեդալակիր, Ռուսաստանի եռակի չեմպիոն Միխայիլ Կոլյադան:
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։