ԵԱՏՄ պահանջներին համապատասխան. ՀՀ ադամանդագործության ոլորտում տուգանքներն ավելանում են

Համապատասխան օրենսդրական առաջարկներն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ադամանդագործությունը համապատասխանեցվում է ԵԱՏՄ միասնական պահանջներին։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում, իսկ օրենքի պահանջները խախտող տնտեսվարողների համար տուգանքների խստացում է առաջարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
Համապատասխան օրենսդրական առաջարկներն այսօր ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք փորձել ենք համահունչ դարձնել մեր տուգանքների համակարգը ԵԱՏՄ երկրներին, որպեսզի չստեղծենք տարբեր երկրներում կարգավորումները խախտելու լրացուցիչ հնարավորություններ»,- ասաց Քերոբյանը։
Ներկայացված օրինագծով առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմման իրավունքը վերապահել միայն այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք միաժամանակ չեն զբաղվում նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրությամբ կամ ներմուծմամբ:
«Հայ–Ալմաստը» վերջապես կստանա կառավարության խոստացած գումարը, ադամանդի գործն առաջ կգնա
Պետական ու պետության մասնակցությամբ ընկերությունների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղների ջարդոնի սխալ հաշվառման համար պատասխանատուի տուգանքը 100 հազարից բարձրացվում է 200 հազար դրամի։ Իսկ հարգորոշման կանոնների խախտումը կհանգեցնի յուրաքաչյուր խախտման դեպքում 100 000, տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու համար՝ 1 մլն դրամ տուգանքի։
Քերոբյանը հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ոլորտում նաև հարկային փոփոխություններ կատարել՝ թափանցիկ աշխատող ընկերությունների համար զարգացման արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով։